00:00:00

Կապանի համայնքապետարանը տուգանել է Գագիկ Ծառուկյանի ընկերությանը

03:53, 13 մարտ 2018

Կապանի համայնքապետարանը տուգանել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը: Ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել ինքնակամ, առանց համնապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու պատճառով և տուգանվել է  600 հազար դրամի չափով: «Արարատցեմենտին» պահանջ է ներկայացվել դադարեցնել շինարարությունը, մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները: Հիշեցնենք, որ «Արարատցեմենտը» ցեմենտի աղացման արտադրամաս է ցանկանում բացել Կապանում: Օրեր առաջ գրել էինք այս մասին:  Նախագծի համաձայն՝ այն գործելու է Կապանի բնակելի տարածքից 2,5-3 կմ, իսկ արտադրական գոտուց՝ մոտ 200 մ դեպի հյուսիս-արևելք՝ օդանավակայանի հարևանությամբ: Դեռևս նախորդ տարի հոկտեմբերին անդրադարձել էինք այս արտադրամասի շինարարությանը, նշել էինք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ շինարարություն են սկսել, ինչի մասին, դեռևս այն ժամանակ Կապանի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ չեն, և որ ընկերությունն իրենց չի դիմել շինթույլտվություն ստանալու համար: Ըստ Աշոտ Հայրապետյանի՝ Ծառուկյանի ընկերությանը տուգանելու որոշումը կայացվել է նոյեմբերի 13-ին: Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ին է «Արարատցեմենտը» դիմել համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին ընկերությանը տրամադրվել է թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք): Ըստ Կապանի ղեկավարի՝ ներկա պահին ընկերությանը դեռևս շինթույլտվություն չի ստացել, մյուս կողմից՝ տուգանքից հետո շինաշխատանքների շարունակվելու վերաբերյալ, ըստ նրա, համայնքապետարանը տեղեկատվություն չունի: Սա, բնականաբար, տարօրինակ է, քանի որ արտադրամասը գտնվում է քաղաքի սահմաններում՝ բանուկ հատվածում: Կապանի Գործարանային փողոցի այն հողամասը, որտեղ պիտի լինի արտադրամասը, Ա. Հայրապետյանի փոխանցմամբ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է: Նյութի աղբյուրը՝ hetq.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր