Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում շարունակվում է համագործակցությունն ընկերության հետ ջրային ոլորտում առկա խնդիրները կարգավորելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ անկախ ոլորտում առկա խնդիրներից, կառավարությունն աջակցում է ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացմանը:
Մալիկա Գենդուրին ասաց, որ «Վեոլիան» հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրեց նաև Հայաստանում «Վեոլիայի» ապագա ծրագրերը, ինչպես նաև նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025թ.:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես անդրադարձ կատարվեց ջրամատակարարման որակի բարձրացմանը, ջրի կորուստների նվազեցմանը և ջրի հեռացման համակարգին վերաբերող հարցերին: