00:00:00

Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի և Լոռու մարզերում

00:05, 08 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. երկրորդ կեսին: Համաշխարհային բանկից և ՎԶԵԲ-ից ներգրավված 23 մլն եվրոյի շրջանակում նախատեսվում է վերանորոգել Գյումրիի շուրջ 40 կմ ճանապարհահատված: Արդեն իսկ 12 կմ աշխատանքներն ավարտվել են: Նա նշել է, որ պատմական կենտրոնում իրականացվելու է գոտիավորում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն քաղաքի զարգացմանը, զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության անցկացրած ցուցադրական վարժանքին, որի պայմանական սցենարով փրկարարները երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել բնակիչներին և հասցրել առաջին բժշկական օգնության վայր: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը Գյումրիում ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի արձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրիի «Սաստեքս» կարի արտադրամաս, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին, մասնավորապես, շինարարական աշխատանքներին և արդեն իսկ գործող արտադրամասի գործունեությանը: Նշվել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում այս ծրագրի արդյունքում Գյումրիում մինչև 2019 թ. կիսամյակը ստեղծվելու է ընդհանուր առմամբ 350-370 աշխատատեղ: Ընդամենը 1 ամիս առաջ իր գործունեությունը սկսած արտադրամասում արդեն իսկ աշխատում է 150 մարդ: Նշվել է, որ բանվորական համազգեստի ողջ արտադրությունը արտահանվելու է եվրոպական երկրներ: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Ներդրումային ծրագիրն իրականացնողները տեղեկացրել են, որ պատրաստվում են կարի արտադրություն հիմնել նաև Սպիտակում, իսկ ևս մեկ արտադրամաս գործում է Արթիկում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկա է գտնվել 2 գործարանի մեկնարկի արարողության և ուրախ է, որ դրանք հիմնվել են սփյուռքահայերի ներդրմամբ: «Այս գործընթացը 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր: «Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և լինի առանձնահատուկ: Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարստացեք և հարստացրեք: Շնորհակալ ենք մեր կոչին արձագանքելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզ: Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և կատարել մոմավառություն Սրբ. Հարություն եկեղեցում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակ է դրել նաև Վանաձորի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին և ներկա գտնվել քաղաքի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր