1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի «Վարդբաղ» թաղամասում: Ուրախացել ու աշխարհով մեկ էին եղել Արշակը, նրա կինը` Սոնան և երեք զավակները` Երանուհին, Անուշիկն ու Երեմիկը: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը պայծառ ու լուսավոր երազներ ուներ ապագայի հանդեպ, ավաղ, երկրաշարժը, որը չխնայեց ծերի ու մանկան, երիտասարդի ու պատանու, ընդհատեց նաև Հակոբյանների կյանքը` հավերժական սգի դատապարտելով Արշակի հորը` Երեմ պապին:
«Արմենպրես»-ը պատմում է` Երեմ պապի վշտից խելակորույս ձայնն ամեն օր լսելի էր Արագածի շրջանի Բերքառատ գյուղի գերեզմանոցում: «Արշակ, Սոնա, Երանուհի, Անուշիկ, Երեմիկ, ինչո՞ւ մենակ թողեցիք ինձ»:
Այսպես կրկնում էր նա մինչև իր մահը:
Ավաղ, երկրաշարժն ընդմիշտ հանգցրեց այդ տան ծուխը` փշրելով Երեմ պապի երբեմնի գեղեցիկ երազանքները, թողնելով նրան մեն-մենակ վշտի ծանր բեռան տակ:
Երեսուն տարի առաջ Սպիտակի երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։