29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարոհւ Փոստանջյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Մասնավորապես` որոշումը սահմանում է.
Քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառուցվածքների իրական միաձուլմանն ուղղված պարտավորությունների իրագործում` նպատակ ունենալով ստեղծելու միասնական պետական-քաղաքական համակարգ:
Ամրագրում է, որ Արցախահայության վրա տարածվում են ՀՀ քաղաքացիության իրավունքները:
Այս իրավական ակտի հիման վրա Արցախահայությունը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների քանակը` ըստ վարչական շրջանների եւ մարզերի: ՀՀ ԿԸՀ-ն Արցախում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող զինվորականների համար ընտրական իրավունքի իրացումը երաշխավորել է: Նրանք հատուկ ցուցակներով եւ նախատեսված ըտրատեղամասերում կարող են մասնակցել ընտրություններին, իսկ զինվորական ծառայության մեջ չգտնվող Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության հիմքում ընկած է հայ ազգի տարբեր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հարցը: Առանց Արցախահայության մասնակցության` դեկտեմբերի 9-ի ընտրությունները եւս արձանագրելու են անարդարություն եւ անհավասարություն: