00:00:00

75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում. «Ականատես»

15:31, 25 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ժամը 13։00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։
Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։

Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
Քվեարկության գաղտնիություն․ 8 տեղամասից ստացվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրների կամ հնարավոր խախտումների վերաբերյալ հաղորդումներ։ Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։
Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։
Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։

Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։

Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։
Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր