00:00:00

Մանկական աղքատությունը Հայաստանում. մտահոգիչ միտումներ

19:44, 30 նոյեմբեր 2018

2017 թվականին Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 2.1%-ը ապրել է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ը՝ աղքատության մեջ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանում մանկական աղքատությունը շարունակում է մտահոգիչ միտումներ դրսևորել: Ըստ զեկույցի՝ երեխաներն ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: 2017թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.9%-ն ստացել է ընտանեկան նպաստ: Ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 34.7%-ը, ծայրահեղ աղքատների` 55.6%-ը և ոչ աղքատների` 22.7%-ը: 2017թ.-ի տվյալները ցույց են տալիս մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռերի հետևյալն ՝ աղքատ է աղջիկների 32.4 և տղաների՝ 29.4%-ը (բոլոր երեխաների 30.8%-ը):
Մանկական աղքատությունն ըստ տարածաշրջանների ցուցանիշը հետևյալն է՝ քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.7%՝ գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.7%-ի համեմատ, իսկ երեխաների ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար 29.9%՝ 32.0%-ի համեմատ: Մանկական աղքատության ցուցանիշներն էապես տատանվում են` կախված տնային տնտեսությունում երեխաների թվաքանակից, կրտսեր երեխայի տարիքային խմբից, ինչպես նաև տնային տնտեսության գլխավորի բնութագրիչներից, այդ թվում` սեռից, կրթական և զբաղվածության կարգավիճակից: Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 40.1%-ը՝ բոլոր երեխաների մեջ 30.8%-ի համեմատ, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.1%-ը: Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը՝ 25.5%, ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 37.0%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում աղաքտությունը կազմում է 28.6%: Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի, այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է՝ 35.8%, քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը՝ 29.5%: Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակը բարձր է: Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն: Այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, որոնց գլխավորն աշխատում է, աղքատությունը կազմում է 27.2%` չաշխատողների 36.8%-ի համեմատ: Հարկ է նշել, որ բոլոր երեխաների 37%-ն ապրում է այն տնային տնտեսություններում, որտեղ գլխավորը չի աշխատում: Տնային տնտեսության չափահաս անդամներից աշխատանք ունեցողների թվաքանակը նույնպես ազդում է մանկական աղքատության մակարդակի վրա: Աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնց տնային տնտեսություններում 19-60 տարեկան չափահաս անդամներից ոչ մեկը չի աշխատում: Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենացածրն է այն տնային տնտեսությունների երեխաների շրջանում, ուր աշխատում են բոլոր չափահաս անդամները: Ըստ զեկույցի՝ Հայաստանի երեխաների գրեթե կեսը՝ 45.3%, ապրում է այնպիսի տնային տնտեսություններում, ուր աշխատում են ոչ բոլոր չափահաս անդամները: Հայաստանի մարզերից Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է՝ 10.9%, իսկ Շիրակի մարզում ամենաբարձրը՝ 51.8%: Աղքատ երեխաները հաճախ բնակվում են կացարանային կարևոր հարմարություններից զուրկ տներում՝ հոսող տաք ջուր, կենտրոնացված գազամատակարարում, ստացիոնար հեռախոս, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում: Երեխաների ընդհանուր թվաքանակի 29%-ը բնակվում է կացարանային պայմանները վատ կամ շատ վատ համարող տնային տնտեսություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր