00:00:00

«Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է». ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների բաց նամակը՝ Փաշինյանին

19:10, 30 նոյեմբեր 2018

Չէինք ցանկանա կրկին դիմել Ձեզ եւ մեր խնդրով շեղել Ձեզ այն կարեւորագույն առաքելությունից, որին Դուք լծվել եք հանուն Հայաստանի բարգավաճման եւ ժողովրդի բարեկեցության: Այս մասին ասված է ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում: Նամակում նաեւ ասվում է. «Եթե հիշում եք, սույն թվականի սեպտեմբերի 18-ին Դուք հանդիպեցիք մեզ հետ, լսեցիք մեր խնդիրները եւ Ձեր աշխատակազմի պաշտոնատար անձանց հանձնարարություն տվեցիք, որ մեկամսյա ժամկետում ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` որը կաշխատի գտնել պահեստազոր անցած եւ բնակարանային հաշմառման մեջ գտնվող սպաներին բնակարաններով ապահովելու հարցի լուծումներ ու որի կազմում կնդգրկվեր նաեւ մեր ներկայացուցիչը: Սակայն, մեր նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պարոն Գ. Բալայանը հայտարարեց, որ ինքը գտել է ոչ նպատակահարմար մեր ներկայացուցչի ներկայությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին: Մենք` զինվորականներս, սովոր ենք կարգապահության եւ կատարողականության ու մեր համար շատ զարմանալի էր նման մոտեցումը: Նման գործելաոճը զայրույթ է առաջացրել մեր նախաձեռնության անդամների շրջանում եւ խաթարել այն վստահությունը մեր հարցի արդարացի լուծման նկատմամբ, որը մեր հանդիպման ժամանակ Դուք մեզ ներշնչեցիք: Մենք վստահ ենք, որ Ձեզ չեն զեկուցում գործի ամբողջ ընթացքը եւ Դուք տեղեկացված չեք այն հանգամանքի մասին, որ Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է: Կրկին անգամ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` մեր նախաձեռնության անդամին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու համար: Մենք կատարել ենք մեր պարտքը Հայրենիքի նկատմամբ` կրելով զրկանքներ: Մեր հետ հավասար զրկանքներ են կրել նաեւ մեր ընտանիքների անդամները: Ակնկալում ենք, որ պետությունը նույնպես վերջապես կկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր