00:00:00

Առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն․ Փաշինյան

16:23, 30 նոյեմբեր 2018

Մենք երկար տարիներ իրար հետ պայքարել ենք, որ Հայաստանը փոխվի, ՀՀ-ն ապականած, կոռումպացված համակարգը ապամոնտաժվի: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ուժի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեր շատ փորձեր ձախողվել են, մենք պարտվել ենք մի քանի անգամ»,- ասաց նա՝ նկատելով, որ հաղթանակը եղավ այն ժամանակ, երբ իրենց անցած ճանապարհին են նայել, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ են ունեցել. «Որևէ բան այնքան էական չէ, քան այն, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, և մեր նպատակը այդ հաղթանակը մշտական դարձնելն է: Այլևս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, իր հայրենիքում օտար չի զգալու, այլևս ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշվելու, այլևս երբեք լկտիություն չի լինելու: Մենք ՀՀ-ն ծաղկեցնելու ենք և դարձնելու ենք իսկապես հզոր և երջանիկ երկիր»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նաև ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 7 ամիսների ընթացքում արած բարեփոխումները: Մատնանշեց, որ 10, 20 դրամով էժանացել են գազն ու էլեկտրաէներգիան սոցիալապես անապահով խավերի համար, խմելու ջուրը չի թանկացել և  մինչև 2024 թվականը չի թանկանալու, 209 000 մարդու աշխատավարձ է բարձրացվել, ևս 200 000 մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում: Նրա խոսքով նաև 85 000 մարդու թոշակներն ու նպաստները կավելանան հունվարից, «Բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկերի տոկոսները աննախադեպ չափով իջել են, ընդհանրապես հիփոթեքային վարկավորման չափը 22 միլիարդ ավելացել է: Նրա խոսքով՝ հիմա քննչական մարմինները գործում են անկաշկանդ, ըստ նրա՝ առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն. «Կարելի է այս ցանկը շարունակել․ բոլոր այն խնդիրները, որ մեր կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են,- ասաց նա՝ հիշատակելով, որ  խոստացել էին, որ Սերժ Սարգսյանը կհեռանա, հեռացրել են,-Այսօր իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ, և խնդրում ենք ձեզ այս ընտրություններում մեր դատը անել: Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ուզում է, որ մեզ ստանձնի ՀՀ-ի կառավարումն իր անունից: Ես համոզված եմ, որ մենք կլինենք արդյունավետ կառավարություն: Բայց այն պահին, երբ որոշեք, որ չեք ուզում, որ մենք լինենք կառավարություն, կհեռանանք և կզիջենք այն քաղաքական ուժին, որը կարժանանա ձեր վստահությանը: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն զգա իր հզորությունն ու ուժը»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր