00:00:00

Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ պատվիրված սպանության գործը կքննվի Երեւանի դատարանում

21:06, 19 նոյեմբեր 2018

Դոնի Ռոստով քաղաքում հայազգի գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ պատվիրված սպանության փորձի գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին՝ Դոնի Ռոստով քաղաքում բնակվող մեկ այլ հայի պատվերով։ Վերջինս գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երեւանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ, ով Դոնի Ռոստով է մեկնել 2013 թվականի հունվարին։ Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, ով պետք է հետեւեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։ Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։ Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաև «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել «Մակարով» տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով: 1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին և սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից, պատասխան կրակոցներ է արձակել։ Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում: Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով, տեսնելով, որ վիրավորված Արմայիս Ջոմարդյանը ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով գործարարն ստացել է կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաև աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։ Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երևանում։ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Պատվիրատուի և օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։ Երեւանի դատարանում դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։ Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր