00:00:00

Չավուշօղլու. «Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության գործով ոչ մի երկրի ձայնագրություն չի տրամադրել»

22:14, 20 հոկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է այն լուրը, թե իբր սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանության գործով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ձայնագրություններ են փոխանցվել: Չավուշօղլուն ալբանացի գործընկեր Դիտմիր Բուշատիի  հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտնել է. «Խոսք անգամ գնալ չի կարող այն մասին, որ Թուրքիան Պոմպեոյին կամ էլ որևէ մեկին ձայնագրություն է տրամադրել: Թուրքիան հետաքննությունից ստացված որոշ  տեղեկություններ և փաստեր ունի, բայց բացառվում է՝ որևէ երկրի հետ այս կամ այն տեղեկությամբ կիսվի»: Արտգործնախարարի հավաստմամբ` Թուրքիան Քաշըքչըի գործի հետ կապված հետաքննության արդյունքները վերջնական պարզվելուց հետո դրանք թափանցիկ կերպով կներկայացնի ողջ աշխարհին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Քաշըքչըն մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:  Սկզբում ենթադրվում էր, որ Քաշըքչըն ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը: Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Քաշըքչըն հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով: ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Քաշըքչըն աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր