00:00:00

«Շառլ Ազնավուր» անունը 2018-ի հոկտեմբերի 1-ին մի պահ կանգնեցրեց Երկիր մոլորակի և միջազգային կյանքի ընթացքը. Ն. Փաշինյանի ելույթը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

17:54, 05 հոկտեմբեր 2018

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված եւ սա արտահայտումն է այն սիրո, որ Հայաստանում յուրաքանչյուր հայ տածում է մեծ մարդու, մեծ ֆրանսիացու, մեծ քաղաքացու նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, Փարիզում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի  արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր հավաքվել ենք՝ մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝ Շառլ Ազնավուրին։ Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է պարգեւել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել է տասնյակ հարյուրավոր մարդկանց շնչառությունը, փայլ է  ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, եւ այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1–ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը՝ մի անամոքելի թախիծ բերելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին»,–ասաց նա։ Փաշինյանը հիշելով Ազնավուրի նախնիների մասին՝ ասաց. «Ազնավուրի նախնինիները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝  հանգրվանեցին հարյուր հազարավոր հայերի օթեւան եւ հույս տված Ֆրանսիայում, որտեղ էլ ծնվեց Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար մեծն Շառլ Ազնավուր։ Կրելով բազմաթիվ դժվարություններ Վաղինակ–Շառլը ի վերջո գտավ իր կոչումը. բացի իրենից այդ կոչումին չէր հավատում ոչ ոք, բոլորը նրան համոզում էին, բացատրում, որ բեմն իր գործը չէ, երգելն իր կոչումը չէ, որ ճակատագիրն առանց այն էլ շռայլ է գտնվել իր նկատմամբ՝ իր ծնողին փրկելով ցեղասպանության աղետից։ Վաղինակ Ազնավուրյանին կարեկցանք չէր հարկավոր, այլ առաքելություն եւ նա գիտեր իր առաքելությունը եւ այդ առաքելությունը Շառլ Ազնավուր դառնալու անեեւեւակայելելի ճանապարհ էր։ Եվ նա երգեց ու գրեց, եւ նա գրեց ու երգեց դատարկ եւ կասադատարկ դահլիճներում եւ մարդկությանը տվեց ժամանակ՝ հասկանալու եւ գիտակցելու, որ մի մեծ աստղ է ծագել համաշխարհային  մշակույթի երկնակամարում, որ դեռ մի քանի տասնյակ տարի պետք է պայթեցնի աշխարհի ամենահեղինակավոր դահլիճները։ Եւ նրա ձայնը տարածվեց աշխարհի բոլոր կողմերում ՝ հասավ ամենահեռավոր երկրներ եւ ջերմացրեց նույնիսկ ամենասառը սրտերը»։ Վարչապետ ցավով նշեց, որ իրեն չհաջողվեց ծանոթանալ Ազնավուրի հետ։ «Ցավոք, չհասցրի ծանոթանալ մեծ վարպետի՝ Շառլ Ազնավուրի հետ, բայց հավատացեք՝ ես նրան ընկալում եմ, որպես մերձավոր հարազատի. նրան այսպես ընկալում է ցանկացած հայ, որովհետեւ Ազնավուրն այն մարդն է, ով հայի անունը հասցրել է նոր բարձունքների, ով հայի հպարտությանը մի նոր շունչ է տվել, մի նոր երանգ, ով կարողացել է ապրել իր պատմական հայրենիքի եւ իր ժողովրդի ցավերով, հոգսերով ու երազանքներուվ։ Նաեւ այս է պատճառը, որ Ազնավուրին շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում, բայց նա այդ կոչումը վաստակել է ոչ միայն  շանսոնյեի վաստակով, այլ Հայաստանի Հանարապետության կայացման գործում ունեցած անուրանալի վաստակի համար։ Հայաստանում նրա անունով կոչված են փողոցներ ու հրապարակներ , իսկ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում արդեն երկար տարիներ վեր է խոյանում նրա վեհաշուք արձանը, եւ նա, թերեւս միակ մարդն է Հայաստանում, ում արձանը կանգնեցվել կենդանության օրոք»,–ասաց նա։ Փաշինյանը հայտարարեց, որ Ազնավուրի մահվան կապակցությամբ Հայաստանում սուգ է հայտարարված, ինչը արտահայտումն է այն սիրո, որ Հայաստանում յուրաքանչյուր հայ տածում է նրա նկատմամբ։ «Շառլ Ազնավուրը անտարբեր չմնաց Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության նկատմամբ, եւ ինձ ուղղված վերջին նամակում գրել է. «Հենց որ առողջությունս թույլ տա՝ այցելելու եմ այս նոր Հայաստանը՝ ծանոթանալու այն առողջ ուժերին, որոնք ձեւավորելու են մեր ազգի գալիքը։ Մեծ վարպետը պատրաստվում էր հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ մասնակցելու  Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթաժողովին։ Նրան խոստացել էի ծանոթացնել նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա նոր Հայաստանի քաղաքացու լավատեսությունն ու ոգին... Ցավոք այդ խոստումը չկարողացա կատարել»։ Փաշինյանը հայտնեց, որ Ազնավուրին այնուամենայնիվ հաջողվեց իր վերջին ուղերձը հղել Նոր Հայաստանին։ «Սրտանց փափագում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբեւէ դրսեւորել  իր ներուժը եւ իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում»,– մեջբերելով Ազնավուրի նամակը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր