00:00:00

ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ.-ին Իրանի հետ կնքած բարեկամության մասին պայմանագրից. Պոմպեո

14:45, 04 հոկտեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից և կարծում է, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով: Այդ մասին չորեքշաբթի Պետքարտուղարությունում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է ТАСС-ը: «Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա: Պոմպեոն այդ որոշումը կապել է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը նաև կտրուկ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը: «Իրանը փորձում է միջամտել մեր ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ օրինական միջոցներ կիրառելու ԱՄՆ-ի իրավունքին: Իրանը չարաշահում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական օգնությանը և քաղաքացիական ավիացիային: Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել օգոստոսի վերջին: Թեհրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները: Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր