RA Prime Minister Nikol Pashinyan chairs the Government's session[/caption]
Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում հեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի ՀՀ-ում ընտրություններ տեղի չեն ունենալու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե քաղաքական ուժերը մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունների դեպքում բացարձակ մեծամասնությունը կստանա ՔՊ-ն, Փաշինյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ի առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն. «Եթե անգամ երկրորդ քաղաքական ուժը ստանա 0,3 տոկոս, ուրեմն ԱԺ-ի 30 տոկոսը պետք է լինեն այդ ուժի ներկայացուցիչները: ժողովուրդն իր ընտրությունը կկատարի եւ մենք կունենանք պատշաճ խորհրդարան»:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ընտրությունները կազմակերպվեն ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին, վարչապետը պատասխանեց. «Մենք երեկ տեսանք, որ ԱԺ-ն փորձում էր կառավարությունից թաքուն օրենքի փոփոխություն անել: Երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ եւ ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են՝ ինչո՞ւ եք ուզում այդ ճգնաժամը լուծել: Մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաժամը եւ կլուծենք: Եթե ընտրությունները լինեն մայիսին, նշանակում է ասում են՝ թող այս ճգնաժամը մի 8 ամիս էլ շարունակվի: Մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»:
Հարցին, թե համագործակցության հնարավորություն տեսնում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, Փաշինյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է եւ չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերի մասին»: