Առայժմ վաղ է խոսել Կոսովոյում լարվածությունից հետո Ռուսաստանի կողմից Սերբիային աջակցելու մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ նախ պետք է բանակցություններ անցկացվեն 2 երկրների առաջնորդների միջեւ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այսպես է արձագանքել այն տեղեկությանը, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է Կոսովոյի իրավիճակի հետ կապված խնդրել Վլադիմիր Պուտինի աջակցությունը: Վուչիչը հստակեցրել է, որ խոսքը չի վերաբերում ռազմական օգնությանը: Պետությունների ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 2-ին Մոսկվայում:
Սեպտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Վուչիչը երկրի բանակը մարտական պատրաստականության է բերել: Նույն օրը մի քանի տասնյակ կոսովցի հատուկջոկատայիններ մտել են լճին հարակից տարածք, որը ջուր է մատակարարում «Գազիվոդ» հիդրոէլեկտրակայանին: Օբյեկտը գտնվում է Կոսովոյի տարածքում, սակայն միեւնույն ժամանակ մտնում է սերբական էներգահամակարգի մեջ: