«Մենք այսօր ամենաուժեղ դիրքերում ենք ի նպաստ Հայաստանի քարոզչություն իրականացնելու, քանի որ Հայաստանն այսօրվա ղեկավարության ներքո դառնում է ավելի ժողովրդավար երկիր»,- Ամերիկայի հայկական համագումարի քարոզչական համաժողովի եզրափակիչ միջոցառման իր ելույթում ընդգծեց կազմակերպության խորհրդի անդամ Անի Թոթահը: Ամերիկայի հայկական համագումարի համաժողովի փակման երեկոն նվիրված էր անցնող տարվա լավագույն գործիչ մրցանակի հանձնմանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ ունեցան ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ:
«Մեր նպատակներից է մեկն է նպաստել հայկական հարցերով ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնախմբի ընդլայնմանը։ Եվ կարող ենք արձանագրել, որ այն ընդլայնվում է: Մենք տեսնում ենք մեծ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
Համաժողովի կազմակերպիչներն ու հանդիպման մասնակիցները բարձր են գնահատում հանդիպման արդյունքները:
«Շատ ոգևորված եմ և բավարարված համաժողովի արդյունքներից: Ամերիկայի հայկական համագումարի այս միջոցառումը միավորեց մարդկանց: Անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել նման հավաքներ, քանի որ այս երկրում մենք ունենք աջակիցներ»,- ասում է Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս, հանդիպումների մասնակից Օսկար Թաթոսյանը:
«Համաժողովն անցավ փայլուն: Ես ինքս այսօր շուրջ 8 հանդիպումներ եմ ունեցել կոնգրեսականների ու նրանց գրասենյակների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր կոնգրեսական, ում հետ հանդիպել ենք, համաձայնվել է կամ ստորագրել Ցեղասպանության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի թիվ 220 բանաձևը, կամ միանալ հայկական հանձնախմբին»,- ասում է միջոցառման մասնակից, կազմակերպության խորհրդի անդամ Ալեքս Կարապետյանը:
Հանդիպումների մասնակից ու համագումարի երևանյան գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանն էլ իր հերթին ընդգծում է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են ամերիկահայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Յուրաքանչյուր հանդիպում ուներ իր առանձին օրակարգը՝ կախված կոնգրեսականի ընտրատարածքից և առաջնահերթությունից:
Համաժողովի եզրափակիչ տոնական միջոցառմանը մասնակցեցին նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ: Ամերիկացի օրենսդիրները ընդգծեցին Վաշինգտոնում հայկական օրակարգի առաջ մղման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու իրենց պատրաստակամությունը:
«Հայաստանի համար խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու պատասխանատվությունը կիսում ենք բոլորս: Հայաստանն ապրում է նշանակալի օրեր խաղաղ և ժողովրդավար գործընթացից հետո: Պետք է օգնենք մեր դաշնակից Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարական ձեռքբերումները: Անհրաժեշտ է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը՝ ուժեղացնելով ամերիկյանը»,- հայտարարեց սենատոր Էդ Մարքին:
«Հայաստանը շարունակում է ձգտել դեպի խաղաղություն ու բարգավաճում չափազանց խնդրահարույց տարածաշրջանում: Ցանկանում ենք, որ այդ նպատակներն իրականացվեն ԱՄՆ-ի հետ գործընկերությամբ, և ես պատրաստ եմ ջանքեր գործադրել Հայաստանի հետ գործընկերություն կառուցելու հարցում»,- ասաց կոնգրեսական Սթենի Հոյերը:
Իր հերթին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն ընդգծեց հայկական օրակարգի առաջխաղացման հարցում երիտասարդության դերը:
«Մենք պետք է ընդգրկենք երիտասարդներին, և Ամերիկայի հայկական համագումարն այս ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում: Գիտեմ, որ այսօր ավելի քան 100 կոնգրեսականների գրասենյակ եք այցելել՝ հայկական հանձնախումբն ընդլայնելու ու նոր անդամներ ներգրավելու համար: Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար»,- նշեց կոնգրեսական Փալոնը:
Եզրափակիչ միջոցառմանը Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահին հանձնվեց կազմակերպության տարվա լավագույն գործիչ մրցանակը՝ նրա ունեցած ներդրման համար: Դրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունների անունից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհանիսյանն Անի Թոթահին հանձնեց «Մովսես Խորենացի» շքանշանը, որով վերջերս պարգևատրվել էր ամերիկահայ գործիչը: Իր խոսքում Անի Թոթահը շնորհակալություն հայտնեց պարգևատրումների համար և ընդգծեց Վաշինգտոնում կայացած համաժողովի ու միասնականության կարևորությունը:
Վաշինգտոնում ավարտվեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) քարոզչական համաժողովը: Այն եզրափակվեց տոնական ընդունելությամբ ու միջոցառումով, որին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ, հայտնում է Ամերիկայի ձայնը։