Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
Ումութ Ալի Օզմենը դեպքը ուշագրավ է նրանով վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանի խախտման դեպքերից թուրքական մամուլի կողմից ամենաշատն է ուշադրության արժանացել: Օզմենի կալանավորմանը անդրադարձան թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: Որոշները նույնիսկ լուրեր տարածեցին, թե Ումութ Ալիի ազատ արձակման գործին միջամտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ զանգահարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայկական կողմը ավելի ուշ հերքեց այս տեղեկությունը:
«Ermenihaber.am»-ը, հետևելով թուրք սահմանախախտի գործով բոլոր զարգացումներին, հարցազրույց է անցկացրել սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ:
Պարոն Մուստաֆա, Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:
- Երբ Ումութը փոքր երեխա էր, իրեն մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն էր: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում և իր մոտ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Այս տարի, երբ երկար ընդմիջումից հետո Ումութը նորից յայլա եկավ, մորն ասել էր, որ գնում է թեյի համար խոտաբույս հավաքելու ու գնացել էր բլրի ուղղությամբ: Բլրի վրա անասուններ են եղել և Ումութը գնացել է՝ նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո իր հետաքրքասիրությունից դրդված որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է:
- Իսկ այստեղ գտնվելու ընթացքում Ձեր որդին գո՞հ է եղել իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից:
- Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:
- Իսկ ի՞նչ կասեք այն խոսակցությունների և պնդումների մասին, որ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որ ազատ արձակեն Ձեր որդուն:
- Անկեղծ ասած այդ մասին ես իմացել եմ լրատվական կայքերից: Ինքս տեղյակ չեմ, թե դա որքանով է հավաստի: Եթե մեր հարգարժան նախագահը զանգահարել է շատ շնորհակալ եմ, եթե չի զանգահարել նորից շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաև ձեր վարչապետին և ամբողջ ղեկավարությանը:
- Արդեն 2-րդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ Ձեր գալու նպատակը ո՞րն է: Տեսակցությա՞ն համար եք եկել, թե՞ այլ զարգացումներ կան:
- Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին գամ որդուս ետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել, հետախուզման մեջ չի եղել, ահաբեկչական կառույցների չի անդամակցել: Այնուամենայնիվ, նա սահման էր հատել, այսինքն՝ հանցանք էր գործել և անհրաժեշտ էր օրինական ճանապարհով, նախատեսված ընթացակարգով պարզել հանգամանքները: Քննիչը հայտնեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ նրանք պատրաստվում են գործը կարճել և որդուս ազատ արձակել: Կինս և ես այլևս չէինք դիմանում: Ամեն օր տեսնում էինք, թե ուրիշ երեխաներ ինչպես են դպրոց գնում, իսկ մեր երեխան չկար, հեռու էր մեզնից: Մայրն ամեն օր արտասվում էր: Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երևանը տեսնելու, որովհետև շատ գեղեցիկ քաղաք է ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են: