00:00:00

ՔԿ-ի վարույթում նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն

17:25, 24 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Քվեարկության գաղտնիության 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը: Դեպքերից մեկով սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն եւ հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել: Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր: Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» եւ «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները: «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերեւում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետեւի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով եւ կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին եւ լարումը բացակայում է: «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ»  վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ եւ շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս եւ ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որեւէ խոսակցություն, ուղղորդում չի եղել եւ կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով: Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ եւ փորձել մասնակցել քվեարկությանը: Հիշյալ երկու դեպքով էլ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր