00:00:00

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժեւորող գործոն. ՄԻՊ-ը՝ ընտրական գործընթացի վերաբերյալ

14:54, 19 սեպտեմբեր 2018

Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձեւավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Այս առնչությամբ, ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձեւավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երեւանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել են հարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝ Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթը պահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել եւ ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի: Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքում արձանագրվեցին կարեւոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները եւ այլն: Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երեւանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինի  իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար: Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտուն արտահայտված են սոցիալական ցանցերում։  Դա բացասական է ազդում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել են վիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերեւույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ: Այս վիճակը դժվարացնում է նաեւ լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողների մտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին: Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաեւ վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով: Դա արվում է նաեւ առերեւույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ: Ուստի, կարեւոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ո.. Ուստի, կարեւոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխության մթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը: Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների կողմից: Այս երեւույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երեւանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժեւորող երեւույթ: Հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը ընտրական իրավունքների արդյունավետ իրացման եւ երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր