00:00:00

Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին. Կաթողիկոսը շնորհավորել է

15:04, 08 մարտ 2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսի ուղերձում ասվում է. «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր սրբությունների պահպանման համար: Սիրելինե՛ր, Մեր մաղթանքն է, որ հարատև և ամուր մնաք սիրո ու նվիրումի ձեր կատարյալ առաքինության մեջ, որովհետև այս շնորհներն են աղբյուրը երջանկության, ստեղծագործության և կյանքի առաջընթացի, գոյության գրավականը` ընտանիքի, ազգի և պետության:
Նոր հաջողություններ ենք մաղթում ընտանեկան, ազգային ու պետական կյանքում ներդրվող ձեր նվիրական ջանքերին և իրականացում ձեր բարի իղձերին: Աղոթում ենք, որ Բարձրյալ Աստված Սուրբ Հոգու շնորհները հեղի ձեր և ձեր ընտանյաց անդամների կյանքից ներս, պարգևի երջանիկ և ուրախ կյանքի տարիներ, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խնամելով և պահպանելով ձեզ, շնորհելով բյուր օրհնություններ և ամենայն բարիք: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր