00:00:00

Որքան հաճախ է խոչընդոտվել լրագրողների աշխատանքը դատարաններում հունիս-օգոստոս ամիսներին

15:45, 04 սեպտեմբեր 2018 Իրավական

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի հունիս, հուլիս, օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու խոչընդոտման 4 դեպք։ Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։   Հունիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում Դավիթ Գյուրջյանի՝ Փաստաբանների պալատի դեմ բերված բողոքի քննության ընթացքում Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը առարկել է դատական նիստի տեսանկարահանման դեմ՝ պարզաբանելով, որ այդ օրը եթերային տեսք չի ունեցել և չի ցանկացել նկարահանվել։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը  ընդունել է Գևորգ Գևորգյանի առարկությունը և արգելել է տեսանկարահանում իրականացնել դատական նիստի ընթացքում։
Հունիսի 11-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ընթացող Սուրեն Ջեյրանյանի ավտովթարի գործով դատական նիստի ժամանակ դատական կարգադրիչը խոչընդոտել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանին իրականացնել իր մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով լուսանկարահանել դատական նիստի ընթացքը։ Դատական կարգադրիչը մինչև նիստի սկսելը լրագրողին զգուշացրել է, որ միայն մեկ օպերատորի է թույլատրվել նկարահանում իրականացնել։ Փաստացի այս դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել դատարանի կողմից։
Հունիսի 20-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում Անդրեաս Ղուկասյանի գործով հերթական դատական  նիստի ժամանակ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուիզա Սուքիասյանին դատավոր Վարդան Գրիգորյանը արգելել է տեսալուսանկարահանում իրականացնել նախորոք դատարանին գրավոր դիմում չներկայացնելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ դատարանին տեսալուսանկարահանում անելու համար գրավոր դիմելու կարգ օրենքով սահմանված չէ։
Հուլիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում loritv.am կայքի խմբագիր Նարինե Ավետիսյանի հանդեպ բռնության գործով դատական նիստի ժամանակ դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել է տուժողի ներկայացուցչի  միջնորդությունը՝ լրագրողների աշխատանքը չսահմանափակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ դատական նիստի մասնակիցները, բացառությամբ գործով մեղադրյալ ճանաչվածների, առարկություն չեն ունեցել դատական բաց նիստի ողջ ընթացքի նկարահանման դեմ: «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության բացերով: ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը։ Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները: Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար: Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում և սահմանափակում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում. Բոլոր դատավորներին՝ զերծ մնալ լրագրողների աշխատանքի չհիմնավորված սահմանափակումներից և ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը։ ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։ Բարձրագույն դատական խորհրդին՝ օրենքով սահմանված կարգով հաստատել զանգվածային լրատվության միջոցների եւ դատարանների փոխհարաբերության կանոնները՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը։ Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործընթացին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր