00:00:00

Աջակցենք արտասահմանից ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել մեր դպրոցներում. ԿԳ նախարարի կոչը (տեսանյութ)

03:27, 20 օգոստոս 2018

Վերջին շաբաթներին շատ են տեղեկությունները, որ դպրոցներ վերադառնում են եւ ուսումնառությունը շարունակելու փաստաթղթեր են ներկայացնում արտասահմանից ներգաղթածների երեխաները՝ մեր հայրենակիցները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ առիթով ԿԳ նախարարը կոչ-խնդրանք ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին, աշակերտներին եւ նրանց ծնողներին. առավելագույն աջակցել ներգաղթյալ ընտանիքների երեխաներին՝ դպրոցներում ինտեգրվելու համար: «Իմ խնդրանքն է, որ առաջին հերթին դպրոցների տնօրեններն աջակցեն այս երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի ներառումը շատ հեշտ լինի, խնդիրներ չառաջանան: Ի վերջո՝ վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր էր փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդներն են այլ: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար»,- նշեց Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այստեղ առանցքային դերակատարություն պետք է ունենան տնօրենները, աշակերտները, ինչպես նաեւ նրանց ծնողները: Նախարարը տնօրեններին հորդորեց, որ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ դպրոցներում էլ չգիտեն՝ ինչպես անել այդ ձեւակերպումները, անպայման կապվեն մարզպետարաններում կրթության պատասխանատուների հետ: «Եթե այդ երեխաները փաստաթղթերի պակաս են ունենում, փորձեք լուծումներ գտնել, փորձեք նախարարության հետ խնդիրներ գտնել: Ես զանգեր եմ ստանում Ռուսաստանից, որ երեխաս, դիցուկ, ավարտել է, 6-րդ դասարանը, եւ զանգում ենք մեր գյուղի դպրոցի տնօրենին, ասում են՝ երեխաս չի կարող 7-րդ դասարան նստել: Այդպիսի բաներ մի արեք: Մենք շատ խիստ ենք լինելու էս դեպքերում: Ուղղակի խնդրում ենք աջակցել այդ երեխաներին, որպեսզի նրանք վերադառնան: Ես հատուկ դիմում եմ աշակերտներին. էն երեխաները, որոնք արտասահմանից կգան ձեր դասարաններ, առավելագույնս աջակցեք նրանց: Օգնեք նրանց հայերեն սովորել, եթե նրանք ունեն հայերենի խնդիրներ, օգնեք նրանց տարբեր առարկաների դեպքում, եթե ունեն խնդիրներ: Եվ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում նրանք այլեւս որեւէ խնդիր չեն ունենա, սթրեսի մեջ չեն լինի եւ շուտ կներառվեն ու կդառնան ձեր ընկերներն ու ընկերուհիները ձեր քաղաքում, ձեր գյուղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,- հավելեց Արայիկ Հարությունյանը: https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156623312218501/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր