00:00:00

Այսօր հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է

19:48, 19 օգոստոս 2018

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է: Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ադամը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Արցախի հանրապետությունում:  Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին: Ադամ Սահակյանը, սակայն անհետ կորածների ցուցակում էր. մինչ նրա մահվան լուրն իմանալը հարազատները համացանցում տարածել էին զինվորի նկարը, ումից արդեն մի քանի օր է լուր չունեին: Հարազատներից բացի, նրան սկսել էին փնտրել ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդիկ: Նրա մահվան մասին հայտնի դարձավ մի քանի օր անց միայն: Ադամը վերջին անգամ ծնողների հետ կապ էր հաստատել 2016 թ.-ի ապրիլի 1-ի երեկոյան, զգուշացրել, որ հնարավոր է` մի քանի օր չկարողանա զանգահարել՝ հավելելով՝ «Դուք գիտեք, թե որտեղ եմ»: Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ապրիլի 2-ի առավոտյան ժամը 08:00-ին, հաղորդել, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ: Ադամ Սահակյանը 2016 թ.ի ապրիլի 10-ին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, Իսկ մայիսի 28-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ պարգեւատրվել է ՀՀ «Արիության» պետական մեդալով: Երևանի համար 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր