00:00:00

Արթուր Գրիգորյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

20:30, 17 օգոստոս 2018

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելուն: Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսատանի, ինչպես նաև Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով: Նախարար Գրիգորյանը իր հերթին նշել է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում լուրջ դերակատարություն կարող է ունենալ նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2018 թ. Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ ծրագրերը կյանքի կոչելու վերաբերյալ: Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ առաքելություն ունի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը: Երկուստեք կարևորվել է փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրանք հնարավորություն են ընձեռում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր