00:00:00

Զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից. ՊՆ-ն ներկայացրել է նոր կարգը

15:59, 17 օգոստոս 2018

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը: «Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման եւ ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային եւ ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից: Հիշեցում. 1. Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից: 2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին: 3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ: 4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երեւում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ եւ այլն: 5 .Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը: Հիշեք հակառակորդը լսում է ձեզ եւ կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր