Օգոստոսի 15-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և փոխնախարար Սուրեն Քրմոյանը հանդիպեցին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչներ հետ, ովքեր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ներկայումս արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում փաստարկված հանրային քաղաքականությունների բարելավման ծրագրեր են իրականացնում:
Հանդիպման նպատակը այդ ծրագրերի ներկայացումն էր և դրանց արդյունավետ իրականացման համար համագործակցության համաձայնության ձեռքբերումը:
Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս ծրագրով իրենց առաջև նպատակ են դրել նպաստել մարդու իրավունքների պաշտպանվածությանը երեք ուղղությունյամբ՝ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն (մշակվելու է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների մշտադիտարկման գործիք), փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների բացառում: