00:00:00

Կանանց մասնակցության հիմնախնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. Վաչե Տերտերյան

21:58, 07 մարտ 2018 Հասարակություն

Երևանում այսօր կայացել է «Կանայք և տեղական ինքնակառավարումը» խորագիրը կրող համաժողովը, որը կազմակերպվել է մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:   Համաժողովին մասնակցել են տարածքային կառավարման և զարգացման նախարար առաջին տեղակալ ՎաչեՏերտերյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար, խորհրդական-դեսպանորդ Մարտին Ֆրեդրիկսնը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ  Զառա Ալլահվերդյանը և Հայաստանի համայնքների միության նախագահ ԷմինԵրիցյանը:   Համաժողովը նվիրված է  կանանց տնտեսական հզորացման և քաղաքական մասնակցության հարցերին, ինչպես նաև տեղական ժողովրդավարական գործընթացներում  կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության իրավական մեխանիզմներին:   Փոխնախարար Վաչե Տերտերյանը, ողջունելով գործընկեր միջազգային, դիվանագիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, շնորհավորել է կանանց միջազգային օրվա առթիվ և մաղթել երջանկություն, առողջություն, հաջողություններ նրանց հասարակական, մասնագիտական գործունեության մեջ։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ներկա գործընկեր կազմակերպություններին իրենց մասնակցության և տեղական ժողովրդավարության ոլորտում բարձր ակտիվության համար։ «Մեր համագործակցությունը բոլորի հետ ունի արդեն երկու տասնամյակի պատմություն, մոտավորապես  այնքան, որքան մեր տեղական ինքնակառավարման համակարգն է: Եվ եթե մենք ունենք արդյունքներ այս համակարգում, իսկ մենք հաստատապես ունենք արդյունքներ, ապա դրանցում իրենց մեծ մասնակցությունն ունեն այս կազմակերպությունները, ովքեր տրամադրել են մեզ խորհրդատվական, մասնագիտական, ինչու ոչ` նաև շատ դեպքերում նյութական օժանդակություն, ինչի համար մենք  շնորհակալ ենք: Չէր լինի այս միջոցառումը, եթե չլիներ մեր գործընկերների միահամուռ օժանդակությունն ու ոգևորությունը: Թեման, որ ընտրված է` <<Կանայք և տեղական ինքնակառավարումը>> արդիական է, այն արդիական էր նաև երեկ և ամբողջ մեր տեղական ինքնակառավարման զարգացման ընթացքում: Մենք մշտապես կարևորել ենք կանանց մասնակցությունը, և դրա վառ ապացույցը կարող են լինել գենդերային ուղղվածության այն հընթացս ծրագրերը, որ ունեցել ենք: Մենք մշտապես ոգևորվել ենք այդ ծրագրերի թեկուզ փոքր արդյունքներով, բայց նաև արձանագրել ենք, որ արդյունքները դեռևս շատ հեռու են մեզ համար գոհացուցիչ, բավարար լինելու մակարդակից»,-ասել է փոխնախարարը։ Վ. Տերտերյանը նաև շեշտել է, որ համաժողովի թեմատիկան առաձնակի կարևորություն է ձեռք բերում համայնքներում տնտեսական զարգացում ապահովելու կառավարության քաղաքականության համատեքստում, քանզի կուտակված հիմնախնդիրների լուծումը հնարավոր է միայն այս գործընթացներում կանանց մասնակցության միջոցով։               Առանձին ելույթներով են հանդես եկել նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, ովքեր վերստին կարևորել են  պետական կառավարման տարբեր մակարդակներում ժողովրդավարացման գործընթացի հրամայականով պայմանավորված կանանց ինստիտուցիոնալ ներգրավվածության և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, որի արդյունավետ իրականացման արդյունքում միայն կապահովվի բազմագործոն քաղաքական արդիականացում։   Միջոցառումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի և Եվրոպայի խորհրդի  «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի կողմից՝ ՇԶՀԳ աջակցությամբ, և Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանը» ծրագրի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:   Միջոցառման ավարտին ներկայացվել է կին քաղաքական գործիչներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր