ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու այսօր արդեն ազատ արձակելու՝ դատարանի որոշումը անկասկած հայաստանյան ներքաղաքական դաշտում բազմաթիվ հարցեր է առաջ քաշել: Հայ հասարակական ու վերլուծական միտքը օրեր շարունակ քննարկում էր տեղի ունեցող զարգացումները: Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ դատարանը Քոչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել, որովհետեւ վերջինս անձեռնամխելի է: Ուշագրավ է, որ Քոչարյանի անձեռնամխելի լինելու մասին չի հայատրարել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մերժել էր պատգամավորների երաշխավորագիրը:
Ուշագրավ է նաեւ այս առումով ՀՔԾ-ի հայտարարությունը, ըստ որի՝ որոշումն ապօրինի է, եւ դատարանը դուրս է եկել իր լիազորության շրջանակից: Փաստացի ՀՔԾ-ն անուղղակիորեն մեղադրում է դատարանին անօրինականության մեջ: Սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատավորներին հետայսու հրահանգներ չեն իջեցվելու, եւ նրանք պատասխանատու են միայն իրենց կայացրած որոշումների համար: Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞վ է ստիպել դատարանին դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, արդյո՞ք այն ներքին, թե այնուամենայնիվ արտաքին ուժերի ազդեցության հետեւանք է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները առնվազն պետք է հնչեն Քոչարյանի շուրթերից: Նա արդեն հայտարարել է, որ վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով: Ի՞նչ անուններ է հնչեցնելու Ռոբերտ Քոչարյանը: Իսկ, որ անուններ հնչելու են ակնհայտ է: Այս մասին ակնարկել էր նաեւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ո՞վ է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքե՞ր են դա արել, միթե ձեզ հայտնի չէ: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և ես վստահեցնում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք, նա պատժվելու է», - հուլիսի 28-ին հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:
Կխոսի՞ Քոչարյանը դրա մասին: Վաղը խաղաքարտերը հնարավոր է բացվեն:
Irakanum.am