00:00:00

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն չվախեցնեն

00:00, 13 օգոստոս 2018

Lragir.am-ը գրում է. Հնարավոր է մասնակցություն դաշինքով, բայց դա կարող է չլինել ԵԼՔ դաշինքը, Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցության ձեւաչափի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը Տավուշում: Միաժամանակ նա բավական հստակ հասկացրել էր, որ բոլոր դեպքերում թեկնածուն պետք է լինի Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը, տվյալ դեպքում դերասան Հայկ Մարությանը, ով ըստ Նիկոլ Փաշինյանի կլինի հիանալի թեկնածու եւ դա կերեւա քարոզարշավի ընթացքում: Ավելի վաղ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր կարծիք հայտնել, թե հնարավոր է ԵԼՔ դաշինքի մեկ կուսակցություն դառնալու օրակարգը առաջ գնա, բայց իրենք պատկերացնում են, որ դա պետք է լինի Քաղաքացիական պայմանագրի արժեքների, օրակարգի հիմքով: Փաշինյանի եւ նրա թիմի ուղերձը ԵԼՔ դաշինքի դեռեւս ֆորմալ գործընկերներին հստակ է՝ համատեղ, միասնական ֆորմատը պետք է ենթադրի արդեն ոչ թե հավասար մասնակցություն, այլ ՔՊ օրակարգի եւ առաջնահերթությունների գերակայություն: Զուտ քաղաքական իրողությունների բերումով ՔՊ-ն վաստակել է ընդհուպ այդ վերջնագրային տոնի իրավունքը, թեեւ այստեղ դա թերեւս չափազանցված ձեւակերպում է, քանի որ խոսքը շատ հստակ քաղաքական իրավիճակի եւ պարզապես հաղթողի դիրքերից բնական քաղաքական պահվածքի մասին է: Ինչի մասին պետք է խոսեն այդ պայմաններում ԵԼՔ դաշինքի մյուս գործընկերները, եթե օրինակ ամենասկզբունքային հարցերից մեկում՝ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում, նրանք իրենց դիրքավորում են որպես արեւմտամետ ուժեր: Մինչդեռ Քաղաքացիական պայմանագիրը ունեցել է եւ ունի այլ դիրքավորում, հետեւաբար մի բան է, երբ որպես խորհրդարանում ինը մանդատ ունեցող ընդդիմադիր դաշինք կոնսենսուս է ձեւավորվում այդ հարցում որոշակի բարձրաձայնումներից հրաժարվելու կամ սուր անկյունները հարթելու շուրջ, մեկ այլ բան է, երբ խոսքը արդեն իշխող մեծամասնության հավակնող ուժի մասին է: Մյուս կողմից ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այլ դաշինքի, այլ ֆորմատի դաշինքի մասին, այսինքն ընդհանրապես չի բացառում դաշինքի գաղափարը: Սա մի կողմից կարող է լինել սիրո եւ համերաշխության ֆորմալություն, մյուս կողմից կասկած չկա, որ շատ ուժեր կցանկանան լինել Փաշինյանի դաշնակիցը: Իհարկե տվյալ դեպքում նա խոսել է Երեւանի Ավագանու ընտրության մասին, իսկ խորհրդարանի ֆորմատը դեռ բաց է: Բայց, դրանով հանդերձ, Փաշինյանը պարզապես ցույց է տալիս, որ դաշնակիցների պակաս չունի եւ այդ իմաստով ունի լայն ընտրություն: Այդպիսով նա թերեւս արձագանքում է վերջին օրերին ուրվագծվող տենդենցին, որ կարող է խորանալ Մարտի 1-ի գործի եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումների համատեքստում: Քոչարյանը աշխուժորեն ձեւավորում է իր քարոզչական հենարանը, թե սոցցանցերում, թե մեդիայում: Այդ հանգամանքը մի շարք քաղաքական ուժերի, քաղաքական շրջանակների համար դարձել է Նիկոլ Փաշինյանի հանդեպ աշխատանքի առայժմ անուղղակի, սակայն նկատվող միտում: Դրա հիմքում այն է, թե Քոչարյանի գործը ցույց է տալիս, որ հակահեղափոխությունն ու նախկին համակարգի ռեւանշիզմը խիստ իրական են, հեղափոխությունը ամբողջապես հաղթած չէ եւ կարող է խոցվել, եթե չլինի հակահեղափոխության դեմ քաղաքական համընդհանուր մոբիլիզացիա: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի անպաշտպանություն ցույց տալու եւ նրան այսպես ասած սեփական քաղպաշտպանության ծառայությունը առաջարկելու համար, այն շեշտադրումով, որ առանց դրա Նիկոլ Փաշինյանի համար մեծամասնություն պահելը կլինի շատ ծանր: Տավուշում Փաշինյանի խոսքը «այլ դաշինքի» մասին թերեւս պատասխան էր ձեւավորվող այդ տրամադրություններին ու մարտավարությանը, որ փորձելու են կիրառել բոլոր այն ուժերը, որոնք ունեն խորհրդարանի անցողիկ շեմի խնդիր եւ դրա լուծում տեսնում են Փաշինյանի ցուցակը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր