00:00:00

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիան արագորեն կվավերացնի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

23:23, 30 հուլիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ Իտալիան արագորեն կվավերացնի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։ Հանդես գալով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ՝ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, հաստատվել են միջպետական հարաբերությունների ամրապնդման մտադրությունը։ Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու համար, այդ թվում`Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Նշվել է, որ այս տարի որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Իտալիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նաեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունի, եւ այդ կապակցությամբ հույս է հայտնել, որ շուտով Իտալիան կվավերացնի համաձայնագիրը։ Հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նշվել է իրավական դաշտի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, որն ընդգրկում է ավելի քան երեք տասնյակ փաստաթղթեր: Կողմերը շեշտել են գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ մարդկանց միջեւ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Մշակութային ժառանգության պահպանման իտալական կենտրոնի բացումը, որը նախատեսված է վաղը, հետագայում եւս կխթանի մշակութային ոլորտում փոխգործակցությունը: Իր հերթին Իտալիայի նախագահը ընդգծել է հարաբերությունների խորացման պատրաստակամությունը: Իտալիան գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից, դրանք արտացոլում են երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը, նշել է նախագահը: Նա նաեւ հավելել է, որ Իտալիան բարձր է գնահատում Հայաստան–ԵՄ համաձայնագիրը, ինչը Հայաստանին տալիս է զարգացման մեծ հնարավորություններ եւ կնպաստի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր