00:00:00

Այս պահին գործընթացն իրավական տիրույթում է. Սերգեյ Բագրատյանը՝ Քոչարյանին կալանավորելու մասին

21:14, 30 հուլիս 2018

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի շտապում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման կապակցությամբ հայտարարություն տարածել, քանի որ գործընթացն այս փուլում իրավական հարթությունում է, ոչ թե քաղաքական: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետք է ուշադիր հետեւել, որ գործընթացը չտեղափոխվի քաղաքական հարթություն, քանի որ հանրության պահանջը, ոչ թե քաղաքականապես պատժելն է, այլ Մարտի 1-ի զոհերի մեղավորներին պատժելը։ Իսկ գործընթացի վերաբերյալ հայտարարություն տարածելու հարցում պետք է հետեւել գործընթացներին եւ ըստ այդմ գործել։ «Քաղաքական տարբեր ուժեր ունեն իրենց մարտավարությունը եւ ռազմավարությունը։ Այս պահին իրավական քննվող հարցին չես կարող գնահատական տալ։ Պետք է հետեւես, որ խախտումներ չլինեն ու չքաղաքականացվի եւ իսկապես հարցը քննվի իրավական տիրույթում, արդարացի դատավարության ընթացքով։ Այս երեւույթը չի կարող քաղաքական չլինել, բայց գործընթացն այս պահին իրավական է, բայց հանրությունը պետք է թույլ չտա, որ հարցը իրավականից դուրս գա դեպի քաղաքական հարթություն։ Ցանկացած քաղաքական ուժ չպետք է շտապի իր հայտարարութան մեջ»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման վերաբերյալ ՀՀԿ-ի շտապողականությունը։ ՀՀԿ-ն փորձեց այն քաղաքականացնել, սակայն օրեր անց փաստերը վկայեցին գործընթացի քրեական բնույթի մասին։ «Միգուցե օրինակը ճիշտ չի, եւ որեւէ քաղաքական ուժի մեղադրանք չպետք է տրվի, բայց նախորդ ընթացքում տեսաք արագ հայտարարության արդյունքում մարդիկ հայտնվեցին անհարմար վիճակի մեջ: Չէի ցանկանա հիշեցնել օրինակը, բայց փաստը դա էր: Պետք է հասկանալ ընթացքը։ Մենք բոլորս եւ հանրությունը սպասում ենք իրավական վերլուծության եւ մեղավորներին գտնելու ու պատժելու գործընթացով։ Հանրության պահանջը քաղաքական չէ, այլ գտնել մեղավորներին, իսկ մեղավորը քաղաքական չի լինում, իրավական գործընթացներով է որոշվում։ Հանրությունը, մենք պետք է այնպիսի լուծում ու գտնենք ու այնպես հանրության բավարարի արդար դատաքննությունը, որ այս գործընթացը եւ Մարտի 1-ի պես բիրտ ուժի կիրառումն այլեւս պետք է բացառենք»։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին Սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանքը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝  2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր