ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին եւ կալանավորման որոշմանը, հայտարարում է.
• Այս գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։
• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։
• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
• Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտմանը, այլեւ նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:
• ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը եւ ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները եւ առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի պահանջներով եւ կարգավորումներով:
• ՀՀԿ խմբակցությունն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով։