00:00:00

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը

19:11, 28 հուլիս 2018

«Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով մասնակիցներին՝ նրանց հաջողություն մաղթեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Այս տարի «Միջազգային բանակային խաղեր»-ն անցկացվում են 7 պետությունների՝ այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որն առաջին անգամ դարձել է խաղերի համակազմակերպիչ: Վստահ եմ, որ խաղերի ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց ռազմական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Բալայանը: Մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը: Նրանք հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը իրենց ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս խաղերի կազմակերպումը Հայաստանի միջազգային դերի բարձրացմանն ուղղված քայլերից է: «Հայաստանը նոր որակով է ներկայանում միջազգային հանրության առջև: Այս խաղերին ոչ միայն ԱՊՀ երկրներից մասնակցությունը դրա վառ օրինակն է: Մենք ավելի ենք ընդլայնում աշխարհագրությունը և գործընթացների, և ներգրավվածության առումով: Հայաստանը որոշակիորեն դառնում է տարածաշրջանային կենտրոն»,- ասաց Բալայանը: «Ընկերակցության մարտիկ» մրցաշարի 5 փուլերը կանցկացվեն Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր