00:00:00

Արցախի պետնախարարը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրավերով աշխատանքային այց է կատարել Գորիս

00:16, 28 հուլիս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 27-ին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով աշխատանքային այց է կատարել քաղաք Գորիս։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից։ Պետնախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարներ Վլադիմիր Կասյանը, Գեղամ Բեգլարյանը, Մհեր Օհանյանը, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, պետական նախարարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ։ Գորիսի մատույցներում արցախյան պատվիրակությանը դիմավորել է քաղաքապետ Առուշ Առուշանյանի ղեկավարած շքախումբը։ Նախարար Ս․ Պապիկյանի հրավերը հուլիսի 11-ին Ստեփանակերտում վերջինիս և պետնախարար Գ․ Մարտիրոսյանի պաշտոնական անդրանիկ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արգասիքն էր։ Պետնախարարն այս առթիվ շնորհակալություն հայտնեց երևանյան գործընկերոջը՝ հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այսօրինակ հետևողական հանդիպումներն ու միջոցառումները կայուն ու արդյունավետ փոխգործակցության երաշխիք են։ Գորիսյան հանդիպման նպատակն այդ համայնքի օրինակով ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների շուրջ կուտակված ինստիտուցիոնալ փորձն արցախյան կողմին փոխանցելն էր։ Պետնախարարի գլխավորությամբ ստեփանակերտյան պատվիրակությունը ներկա է գտնվել հրավիրող կողմի կազմակերպած «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկմանը։ ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակիցների կազմած հաշվետվության մեջ հանգամանալից անդրադարձ է կատարվել վարչատարածքային բարեփոխումների, ի մասնավորի՝ համայնքների խոշորացումների ռազմավարությանը, մեխանիզմներին, ուժեղ կողմերին ու արդյունքներին, ինչպես նաև առկա ու հնարավոր ռիսկերին։ Ներկայացման ավարտին Գ․ Մարտիրոսյանը հետաքրքրվել է ներդրված էլեկտրոնային ապահովման լուծումների, խոշորացված համայնքների սեփական բյուջեների մեծացման երևույթի և իրականացված մեծամասշտաբ բարեփոխումների ֆինանսավորման և համաֆինանսավորման հարցերի մասին, որոնց բոլորին երևանյան կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ Գորիսի համայնքապետարանում պետնախարարը շրջել է բարեփոխումների արդյունքում բացված քաղաքացիների սպասարկման գրասենյակում (ՔՍԳ), որտեղ «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվում են բարձրորակ քաղաքացիական ծառայություններ։ Ծանոթանալով ՔՍԳ գործառնական մեխանիզմին՝ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների աջակցությամբ երևանյան կողմի իրականացրած բարեփոխումները։ Միջոցառման ավարտին, պատասխանելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին, Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երևանյան կողմի փորձը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ այս պահին Արցախում վարչատարածքային բարեփոխումները հասունացած օրախնդիր են։ Պետնախարարը չի բացառել, որ Արցախում նույնպես տեղ կգտնի առանձին բնակավայրերի միավորման գործընթացը միասնական համայնքներում՝ հավելելով, որ նախքան այդպիսի գործընթացների մեկնարկը հարկավոր են տարբերակված մանրազնին ուսումնասիրություններ և տվյալ բնակավայրերի բնակչության կամքի հաշվառում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր