00:00:00

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

21:13, 27 հուլիս 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում  մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր: Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով: Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:     *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում   Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին հյուրընկալության և այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար: Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել  ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը: Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն  շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները: Կարճ կանդրադառնամ այսօրվա նիստի որոշ հարցերին: Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար: Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաև մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը: Այս համատեքստում խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին: Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը,  միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն: Ցանկանում եմ նաև նշել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի: Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ: Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար: Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները: Եզրափակելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը: Շնորհակալություն ուշադրության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր