00:00:00

Գարեգին Բ-ն ընդունել է Հնդկաստան բուժման մեկնող հինգ զինվորականների

20:05, 27 հուլիս 2018

Հուլիսի 27-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած հինգ զինվորականների` կապիտան Միքայել Սարգսյանին, կապիտան Գնել Համբարձումյանի, զորացրված ժամկետային զինծառայողներ Նարեկ Մարուքյանին, Կարեն Համբարձումյանին եւ Գրիգոր Հովհաննիսյանին, ովքեր առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումը: Դեռեւս հունիսի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել էր ծանր վիրավորում ստացած 15 զինվորականների հետ, ովքեր պրոթեզավորման նպատակով անհրաժեշտ զննության էին ենթարկվել Նորին Սրբության հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։ Հանդիպման սկզբում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Նորին Սրբության օրհնությունը հայրենյաց պաշտպաններին: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին, ընդգծեց, որ նրանք ամբողջական նվիրումով իրենց պարտք են մատուցել Հայրենիքին, պաշտպանել հայ ժողովրդին եւ անառիկ պահել երկրի սահմանները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայրենիքին հայրենասիրությամբ ու նվիրումով ծառայելու ոգին է հայ ժողովրդին մշտապես հաղթանակներ պարգեւել, ապահովել երկրի խաղաղությունն ու բնականոն զարգացումը, հնարավորություններ ընձեռել իրականություն դարձնելու հայորդիների երազանքները: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները միեւնույն ոգով կշարունակեն անձնվիրաբար ծառայել Հայրենիքին եւ իրենց ազգաշեն գործերով կնապաստեն հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի կերտմանը: Անդրադառնալով արտերկրում նրանց բուժման կազմակերպմանը` Նորին Սրբությունը հաստատեց, որ դա նվազագույնն է, որ Հայոց Եկեղեցին կարող է անել քաջարի զինվորականների համար ի դիմաց իրենց անձնազոհ նվիրյալ ծառայության: Իրենց հերթին զինվորականները եւս երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետի հոգածու վերաբերմունքի եւ ստանձնած խնամատարության  համար: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց նաեւ զինվորականների ծնողներին նման զավակներ կրթելու ու դաստիարակելու համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր հայորդի իր խոնարհումն է բերում քաջարի զինվորներին նրանց հերոսական ոգու համար: Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Տերն Իր հարատեւ օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդիներին, որպեսզի իրենց կյանքն ապրեն խաղաղության մեջ: Հանդիպումը փակվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր