00:00:00

Դուալ համակարգ. ուսուցում և գործնական հմտություններ՝ միաժամանակ

18:00, 27 հուլիս 2018

Մասնագիտական կրթության ոլորտում դուալ համակարգի ներդրման գործընթացի շրջանակում Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել մարզի մի շարք գործատուների հետ՝ Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Միջոցառման մասնակիցներին շնորհավորել է ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: «Մեր լավագույն դոնորներից մեկի՝ GIZ-ի հետ մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի պտուղներն այսօր արդեն փորձում ենք քաղել: Իրականում գերմանական դուալ համակարգի ներդրումը հեղափոխական մոտեցում է և ամենակարևոր ուղղություն է ՄԿՈՒ ոլորտում՝ նոր որակի կրթություն տալու առումով: Այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պետք է ջանք չխնայեն, որպեսզի փորձնական ծրագրի ավարտին հստակ որակական արդյունք արձանագրվի, որի հիման վրա հնարավոր լինի առաջիկա 10 տարիների ընթացքում ամբողջությամբ անցում կատարել դուալի համակարգի և ապահովել ցանկալի արդյունք»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ համակարգը ներկայումս փորձարկվում է այն մասնագիտությունների գծով, որոնք կառավարությունը գերակա է ճանաչել տնտեսության համար, այն է՝ գյուղատնտեսություն, ՏՏ, զբոսաշրջություն և ճշգրիտ ճարտարագիտություն: «Վերջին երկու մասնագիտությունները փորձարկվում են Տավուշի տարածաշրջանային քոլեջում, որովհետև մարզը շատ գրավիչ է այդ տեսանկյունից, և վերոնշյալ ոլորտներում որակյալ աշխատատեղերի պահանջ կա: Հուսով եմ, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուս գործատուների համար»,-նշել է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում վերանայվել են համապատասխան ուսումնական ծրագրերը, պլանները, իրականացվել են վերապատրաստումներ: Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև դուալ համակարգով «Զբոսաշրջություն» և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների իրականացման գործընթացի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև այցելություններ գործատու ընկերություններ՝ պրակտիկ ուսուցման կազմակերպման պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով: Նշենք, որ փոխըմբռնման հուշագրերը նպաստելու են կրթական ու մասնավոր հատվածների կայուն համագործակցությանը Տավուշի մարզում. «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» և «Զբոսաշրջություն» մասնագիտություններով պատրաստվող ուսանողները քոլեջում տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն «Լաստիվեր Անապատ», «Վահան և Թոռներ» և «Գոլդեն Ռեզորտ», «Իջևանատուն», «ԲՈՒԱՏ» և «Արտակ Փիրումյան» ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում ՀՀ 4 ՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում արդեն փորձարկվում է գերմանական դուալ համակարգը, իսկ 2018թ-ից նախատեսվում է Կոտայքի և Լոռու տարածաշրջանային, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում ևս ներդնել նոր մասնագիտություններով դուալ համակարգ: Այն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր