00:00:00

Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում

01:57, 25 հուլիս 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացւոցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, անհետևողական աշխատանքով: Արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության հատկապես տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել էր կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունը դատախազների վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ: Խնդիր էր դրվել յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, արդյունավետությունը ստուգելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կոլեգիայի կողմից դրված այս խիստ պահանջներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, հետախուզվող անձանց վերաբերյալ կազմված համապատասխան հետախուզական գործերը: 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի տարածքում, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակում, հետախուզում հայտարարվել է 20 անձի նկատմամբ: Այդ գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած պրակտիկայի նկատելի բարելավմանը, այնուամենայնիվ դեռևս շարունակական բնույթ են կրում անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման հետ կապված խախտումներն ու թերացումները: Մասնավորապես, չնայած օպերատիվ-հետախուզություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կատարում են սահմանված ժամկետներում նախաքննական մարմնին հետախուզական գործ կազմելու մասին գրավոր կարգով տեղեկացնելու պարտականությունները, սակայն դրանցում հաճախ չեն ներկայացվում հետախուզվող անձին վերաբերող՝ հետախուզման գործընթացի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող, պարտադիր գրանցման ենթակա տվյալներ: Քիչ չեն դեպքերը, երբ հետախուզման գործերում առկա է ընդամենը հետախուզվող անձի բնակության վայր այցելելու և հարազատի հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ ընդամենը մեկ արձանագրություն, այն էլ, որպես կանոն, կատարված հետախուզական գործ կազմելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդ օրը: դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ համապատասխան աշխատակիցների կողմից չեն իրականացվում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները: Օրինակ հետախուզական մեկ գործի ուսումնասիրման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված  «Սեկտ» տվյալներից պարզվել է, որ չնայած հետախուզվող անձը ՀՀ սահմանը չի հատել, սակայն այդ պայմաններում Ոստիկանության համապատասխան աշխատակիցները գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար: Առանձին դեպքերում հետախուզական գործի փաստաթղթերում բացակայում է քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Որոշ դեպքերում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հետախուզական-վիճակագրական քարտերը լրացվում են բացթողումներով, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես հետախուզական աշխատանքների նկատմամբ  հսկողություն իրականացնելու առումով: Հատկանշական է, որ նմանատիպ թերություններ հայտնաբերվել են նաև 2017թ. երկրորդ կիսամյակի ընթացքում հայտարարված հետախուզվող անձանց հետախուզական գործերի ուսումնասիրությամբ: Այդ կապակցությամբ դեռևս 2018թ. փետրվարին Շիրակի մարզի դատախազի կողմից գրությամբ հանձնարարվել է վերացնել դրանք և դրանց կրկնությունը բացառելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկել: Ելնելով այս իրողություններից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ քայլեր ձեռնարկելու ինչպես նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, այնպես էլ հետախուզական գործերում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: Առաջիկայում գլխավոր դատախազությունում կքննարկվեն հետախուզվող անձանց հայտնաբերելու գործընթացի բարելավման ուղղությամբ ամբողջ հանրապետության կտրվածքով կատարված աշխատանքների արդյունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր