00:00:00

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

02:46, 21 հուլիս 2018

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է․

«Մոտ երեք տասնամյակ առաջ համայն հայությունը միահամուռ կերպով ոտքի կանգնեց՝ սատարելու ինքնորոշման իրավունքի իրացման ուղին բռնած Արցախի ժողովրդին: Տպավորիչ է, որ չնայած պատերազմի ծանր հետևանքներին և տնտեսական շրջափակմամբ պայմանավորված մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդն ապացուցեց իր վճռականությունը և կարողությունը՝ կառուցելու կենսունակ և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն՝ կյանքի կոչելով պայքարի գաղափարախոսների՝ հզոր և ինքնիշխան Արցախ կերտելու երազանքը։

Այս տարիների ընթացքում արցախահայությունը ստեղծել է կայուն պետականություն՝ իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով, հասարակության, կանանց և երիտասարդների ակտիվ ներգրավմամբ հաստատել պետական գործուն կառույցներ, որոնցից է նաև արդեն քառորդդարյա հոբելյանը նշող Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Ի հեճուկս բոլոր սահմանափակումների, ճնշումների և մարտահրավերների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունն իր անձնակազմի ամենօրյա նվիրյալ աշխատանքի շնորհիվ հետևողականորեն կրում է իր կարևոր առաքելությունը՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, միջազգային հարթակում արցախահայության ձայնը լսելի դարձնելուն և երկրի անվտանգության ամրապնդմանը։ Մեր երկու գերատեսչությունների միջև հաստատված  սերտ համագործակցությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը միջազգային հարթակում արցախահայության շահերի պատշաճ ներկայացման առումով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս հոբելյանի առիթով և ցանկանում հավակնոտ ծրագրեր ու ապագային միտված առաջադեմ նախագծեր՝ ի բարօրություն ողջ արցախահայության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր