00:00:00

Անցած տարիներին Հայաստանին տրամադրված եւ չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում». Սվիտալսկի

02:32, 21 հուլիս 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մենք վերանայեցինք մեր թվերը, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր թվով ինչքան ենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվ մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում: Այս մասին այսօր, հուլիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, պատասխանելով այն հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, եւ խոսվել է արդյոք այդ թեմայի շուրջ իր այս այցի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը,  Կատարինա Մատերնովան նշել է, որ տարբեր մեխանիզմներով ԵՄ–ը մեկ միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանին։ ԵՄ պաշտոնյաի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի եւ բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում եւ ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել եւ ինչի համար աջակցություն չի տրամադրվել: Նա հավելեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու, կավելացնեն, բայց դա «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում են»,- ասաց նա: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաեւ դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաեւ պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում» եւ դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Բրյուսել այցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունից իրենք լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ առայժմ որեւէ շոշափելի փոփոխություն չկա: «Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր