Գյումրու Ռուսթավելի փողոցը երեկվանից է սկսել քանդել Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն: Այն, որ հենց իր հրահանգով է քանդվել փողոցը, հյուպատոսը չի հերքում, ավելին, այսօր տարածք շտապած Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին անհարգալից ընդունել եւ գոռգոռոցով ճանապարհել է: Այս մասին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Մեղավորը սկսել է հարձակվել, էն էլ բղավելով: Մոնտալտոն քանդել է Ռուսթավելին, էս մարդը չի հասկանա, գիտի, թե Գյումրին իր սեփականությունն է լրիվ: Երկու հատ շենք է ձեռք գցել էն իշխանությունների ժամանակ, հլը հետները կհամագործակցենք, մի հատ էլ մեր վրա գոռում է: Նրա հետ օրենքի սահմաններում աշխատեք, վերջը դրսի հյուպատոս է, ես ինչ ասեմ»,-բարկացած ասաց քաղաքապետը:
Երկու շենք ասելով, Գյումրու քաղաքապետը նկատի ունի Ռուսթավելի փողոցում գտնվող «Վիլլա Կարս» հյուրատունը եւ Գյումրու նախկին Խաշխանա կոչված շենքը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մանտալդոյին:
Մոնտալդոն հիմա քանդում է Ռուսթավելի փողոցի մայթին գտնվող նախկին Խաշխանայի տարածքը, որտեղ սեփական բիզնես ունի՝ կերամիկայի արտադրամաս: Անտոնիո Մոնտալդոն մեկնաբանությունից զերծ մնաց, տարածքում մեկը, ով ասաց, թե հյուպատոսի օգնականն է, պատմեց, որ շինարարական թերություն է գտել հյուպատոսը, դրա համար էլ շտկում է: Ըստ օգնականի, շինարարական այդ թերության պատճառվ ջրահեռացման համակարգի խնդիր կա, որը շենքը խոնավացնում է:
Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Իտալիայի հյուպատոսն այս աշխատանքները սկսել է առանց քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու, անգամ տեղյակ չի պահել: Շենքը իրենն է, բայց մայթը՝ ոչ: Հետո էլ, ինչ հիմնավոր պատճառ էլ ունենար Մոնտալդոն, պետք է քաղաքապետարանին չանտեսեր, իսկ այս պարագայում ստացվում է, որ հյուպատոսն ապօրինաբար է քանդում Ռուսթավելին, ինքնագլուխ:
Անկախ Գյումրու քաղաքապետի զայրույթից եւ ճարտարապետի ուղորդումից, հյուպատոսի հրահանգով բանվորներն ամբողջ օրը շարունակեցին սկսած գործը: Սրան զուգահեռ Գյումրու քաղաքապետարանը Մոնտալդոյին պարտավորեցրել է հնարավորինս արագ, կարճ ժամկետում, մայթը վերականգնել, բերել նախկին տեսքին:
Հիշեցնենք, որ այս փողոցը հիմնանորոգվել եւ բացվել էր 2017 թվականի օգոստոսի 18-ին՝ Կումայրի պատմական միջուկի զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ: