«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:
«Բարեկամներ, ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ և այլ կերպ չէի կարող վարվել: Ես չգիտեմ, թե այլոք իրեն կներեն խորհրդարանում հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող արտահայտության համար, բայց պետք է կառուցել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ:
Հ.Գ. Այո, ես վստահ եմ, որ այդ արտահայտությունը ինձ էր ուղղված և այո, ես իմ եզրահանգումներն արել եմ»,- գրել է Դանիել Իոննիսյանը։
Հիշեցնենք, նախօրեին Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ամենայն հավանականությամբ, իր մասին խոսելիս արել է հետևյալ արտահայտությունը. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Արփինե Հովհաննիսյանն արձագանքել էր Դանիել Իոննիսյանին` գրելով.
«Դանիել ջան, խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը ( գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք։ Գիտեի, որ ուղիղ եթեր է»։