00:00:00

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

20:25, 18 հուլիս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման եւ շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը եւ «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը: Նախարար Գրիգորյանը գործընկերներին մաղթել է ծրագրի իրականացման հաջող ընթացք եւ հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու եւ հպարտանալու եւս մեկ առիթ կլինի: «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության եւ կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատել է թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը եւ համոզմունք հայտնել, որ  ծրագրի իրականացման հետագա փուլերը եւս հաջողությամբ կընթանան: Նշենք, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արեւային էներգիայի ծրագրի մեկնարկին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) եւ Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր