00:00:00

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

20:02, 18 հուլիս 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռ հաստատված չէ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 9-ին: Դրանից հետո, ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, գործող ավագանին կարող էր իր կազմից ընտրել նոր քաղաքապետ: Բայց ավագանու երեք խմբակցություններից թեկնածու առաջադրվեց միայն Երկիր ծիրանիի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Մյուս երկու խմբակցություններից՝ ՀՀԿ-ից եւ ԵԼՔ-ից, ոչ միայն թեկնածու չառաջադրվեց, այլեւ դրանք չմասնակցեցին քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրված նիստին: Այդ պարագայում օրենքը իրավասություն է տալիս կառավարությանը՝ կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Երկիր ծիրանի կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Սպասվում է, որ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա, ըստ մեր տեղեկությունների, առայժմ շարունակվում են քննարկումները՝ ընտրություններին դարձյալ ներկայանալ դաշինքո՞վ, թե՞ Քաղաքացիական պայմանագիր եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին: Քանի դեռ այդ հարցի հետ կապված վերջնական որոշում չկա, միանշանակ չէ նաեւ, թե ով է լինելու այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորող գործիչը, հետեւաբար՝ նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում խմբակցությունների թեկնածուների միջեւ ընտրություն է կատարվում նորընտիր ավագանու նիստում: Առայժմ, որպես ԵԼՔ դաշինքի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու շրջանառվել են տարբեր անուններ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր