00:00:00

Յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է զարգացնի Արցախի տնտեսությունը. Ավինյան

18:05, 18 հուլիս 2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ պետնախարարն ընդգծել է, որ իր եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, եւ դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետեւ կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը եւ Արցախի կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման: Փոխվարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում եւ դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաեւ աջակցել Արցախին: Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը: Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման եւ ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում: Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա եւ առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաեւ արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Փոխվարչապետը կարեւորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը եւ հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են եւ նոր թափ են ստանալու: Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարեւոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարեւորել է տնտեսական մասնագիտացման եւ արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի եւ զարգացնի Արցախի տնտեսությունը: Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր