00:00:00

Տղերքը պահանջում են՝ պիտի շարունակենք ապրել. Հարսանիք թիկունքում ներկայացումը՝ Երևանում

15:17, 15 հուլիս 2018 Մշակույթ

2016թ-ի ապրիլի 2-ի լուսաբացը «թաց» էր, տարածվող լուրերն` «այրող»: 2016թ-ի ապրիլի 2-ի երեկոն ծանր էր, գիշերն՝ անքուն: 2016թ-ի ապրիլի 2-ին սովորական հայ ընտանիքներից մեկում հարսանիք էր, իսկ սահմանին՝ պատերազմ: Հարսանիք, որը ընդհատվեց, հետո շարունակվելու գլխավոր նախապայմանով: Գյումրու դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը՝ «Հարսանիք թիկունքում» նվիրված արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։  Այն ներկայավեց Երեւանի հանդիսատեսի դատին: Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը մարդաշատ էր: Պիեսի մասին շատերն էին լսել, բայց սա այն եզակի ներկայացումներից էր, որ պարտադիր դիտման էր ենթակա: Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։  Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրից արթնանում է արիական ցեղի բնավորությունն ու էությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և դարձել հայ ժողովրդի գենոկոդը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլ նաև թիկունքում։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ պիեսը գրվել է  հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար, եւ պիեսի առանցքը հանդիսացել է գյումրեցի հերոսներից մեկի՝ Հրաչիկ Գալստյանի պատմությունը: «Շատ պատահական ես հեռուստատեսությամբ մի  ռեպորտաժ էի տեսել, որ Հրաչը Թալիշից սիրած աղջիկ էր ընտրել, ամուսնացել եւ հետո մեկնել ծառայության, բայց ցավոք հետ չէր վերադարձել: Ես այդ փոքրիկ դրվագը պատմել էի դրամատուրգին՝ Անահիտ Աղասարյանը, եւ նա ինձ հետ վերադարձրեց մի ամբողջական պիես, որի սկզբնական անունը «Ապրել եւ ապրիլ էր»,- ասաց նա: Հարսանիքի օրը հնչում է պատերազմի բոհը, եւ ցավոք հարսանիքը չի կայանում: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի թվով 31 դերասան: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, եթե այն գրվել է հատուկ գյումրեցիների համար, ապա իր մեջ ներառելու էր նաեւ գյումրեցիներին բնորոշ՝ լացի միջից ծիծաղի եւ ծիծաղի մեջից՝ լացի: Պիեսում, սակայն միայն լաց չէ, այլ ավելի շատ՝ ծիծաղ: Չնայած պիեսի հիմքում Հրաչիկ Գալստյանի պատմությունն է, սակայն անդրադարձ է կատարվում բոլոր հերոսներին: Ռեժիսորի բնորոշմամբ՝ իր համար առաջնային խնդիր է եղել միանշանակ խոսել հերոսների մասին, որոնք մարտի դաշտում են զոհվել, սակայն ոչ պակաս կարևոր է համարում խոսել պատերազմ վերապրած եւ հրաշքով փրկվածների մասին. «Ինձ համար ոչ պակաս հերոս են այն մարդիկ, որոնք տղամարդկանց ճանապարհեցին, որոնք հավատացին, որ մեր հերոսները հետ են դառնալու, ինձ համար ոչ պակաս հերոսներ են մայրերը, տատիկները, քույրերը, որովհետև ինձ մոտ հերոսները կանայք են»: Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, թե թատրոնի պատմության մեջ երկար տարիներ է չի եղել նախադեպ, երբ այն դեռ չսկսված պրեմերիաներից առաջ հինգ հազար տոմս վաճառված լինի: «Այս ներկայացումը Գյումրի է բերում տասնյակ մարդկանց: Ես շատ ուրախ եմ, որ մենք նպաստում ենք նաեւ ներքին տուրիզմի զարգացմանը»,- ասաց Վիրաբյանը: Թատրոնի տնօրենի խոսքով՝ այն դիտել են բազմաթիվ պետական պաշտոնյաներ: Պիեսում առկա են քննադատություններ նաեւ իշխանություններին ուղղված: Քննադատությունը առողջ է, փաստարկված: Վիրաբյանն ասաց, որ իշխանափոխությունից հետո պիեսը չի փոխվել, եւ ներքաղաքական զարգացումները որեւէ անդրադարձ չեն ունեցել պիեսի սյուժեի վրա: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ երբ ներկայացումը դիտելու են եկել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ծնողները, նրանցից մեկի վիճակը դահլիճում կտրուկ վատացել է: Իրադարձությունները նրան հիշեցրել են ապրիլյան դեպքերը: Սեպտեմբերին հյուրախաղերով թատրոնի անձնակազմը մեկ շաբաթով կլինի Արցախում: Նախատեսում են նաեւ հյուրախաղերով լինել ԱՄՆ-ում: Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում երկար ծափեր էին: Լաց, ծիծաղ, ծանր հիշողություններ, եւ ապրելու ու արարելու ձգտում՝ մեկտեղված մեկ պիեսում: Պատերազմն ավարտվում է, հարսանիքը՝ կայանում: «Քողդ դիր։ Նարեկն ուզում էր, որ մեր հարսանիքը լինի։ Տղերքը պահանջում են՝ պիտի շարունակենք ապրել։ Պարիր, պարի՛ր, պարի՜ր»։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է՝ Լյուդվիգ Հարությունյանը,  Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի, իսկ  կոմպոզիտորն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս, ՀՀ վաստակավոր արտիստ`  Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Հարությունյանը,  ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր