00:00:00

Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

22:19, 11 հուլիս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա դնելու, համատեղ նոր քայլեր իրականացնելու նպատակադրումը: «Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ»,-ընդգծել է դեսպանը: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ հայ-ճապոնական համագործակցությունը և ջերմ բարեկամությունը մշտապես արտահայտվել է նաև առողջապահության ոլորտում: Ճապոնական կողմը նախկինում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հայաստանյան մի շարք բուժհաստատությունների անհատույց հատկացրել է նորագույն սարքավորումներ: Զգալի աջակցություն է ցուցաբերվել առողջապահության ոլորտում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների: Դեսպանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել բուժհաստատությունների արդիականացման հետագա հնարավորություններին, մասնագիտական փորձի եւ բարեփոխումների քաղաքականության մասով խորհրդատվության փոխանակմանն առնչվող հարցերի: Հայաստանում ներկայացված են առողջապահական սարքավորումներ արտադրող ճապոնական մի շարք առաջատար ընկերություններ: Շեշտվել է, որ փորձ կարվի այդ ընկերությունների հետ գործակցության նոր եզրեր գտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր