00:00:00

Անակնկալ բացահայտումներ ՇՊՀ-ում. նոր քրեական գործ է հարուցվել

01:10, 11 հուլիս 2018

Շիրակի պետական համալսարանում նոր բացահայտումներ են կատարվում: Սա կապված չէ դասախոսներ Գագիկ Համբարյանի, Հովհաննես Խորիկյանի, ոչ էլ Անահիտ Ֆարմանյանի հետ: Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին եւս չի առնչվում: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, ՇՊՀ-ի դեմ Շիրակի մարզի դատախազության կողմից նոր քրեական գործ է հարուցվել: Ըստ Կարեն Գաբրիելյանի, Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցը բաժնի պետին զեկուցագիր է գրել այն մասին, որ օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել ՇՊՀ-ում կատարվող մի շարք չարաշահումների վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածով նախապատրաստվել են նյութեր: Դրանց նախապատրաստման ընթացքում կոնկրետ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ ինստիտուտի 2010-2012թթ. ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել: Տարբերությունը կազմել է շուրջ 460 մլն դրամ: Ձեռք բերված տեղեկատվությունը ստուգելու եւ նշված գումարի ծախսման վայրը  պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ: Բացի այդ, նյութերով պարզվել է, որ կոնկրետ 4 տարի՝ 2012-16 թվականներին ուսանողներից, ովքեր գտնվել են ավարտական կուրսում, դիպլոմների կազմեր, միջուկներ տպելու համար յուրաքանչյուրից հավաքել են 5000-5500 դրամ՝ ընդհանուր մոտ 20 մլն դրամ: Այնինչ, նշված գումարը արդեն իսկ դուրս է գրված եղել բուհ-ի բյուջեից: Քանի որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ վկայում են բուհ-ի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, ինչպես նաև հանցակցությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու մասին, ՇՄ դատախազի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված տվյալները վերաբերում են մինչեւ 2016 թվականին: Հարցաքննվել են բազմաթիվ անձիք՝ ե՛ւ ուսանողներ, ե՛ւ դասախոսներ: Նշենք, որ այս ժամանակահատվածում ՇՊՀ ռեկտորը եղել է ԱԺ ԲՀԿ խմբակցոսւթյան պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր