Ես այս պահին, բնականաբար, որևէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություններ է առաջացնում: Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում և ինչքանով չեն փարատվում, որքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաև քաղաքացիաիրավական և քրեաիրավական հետևանքներ»,- ասել է վարչապետը:
Այնուհետև ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և կարևորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:
«Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն՝ պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը: