Երեւանի առանձին վարչական շրջանների բնակիչներ շարունակում են բարձրաձայնել աղբահանության մասին: Մի քանի օր է սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ այն մասին, որ քաղաքում աղբահանությունը պատշաճ չի կատարվում: Irakanum.am-ը հերթական ահազանգն է ստացել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնել, որ թաղամասում աղբահանությունը օրերով չի կատարվում: «Ամառվա այս շոգին, դուք պատկերացնում եք, ինչ տհաճ վիճակ է ստեղծվում թաղամասում: Ոչ երեխաներն են կարողանում բակում խաղալ, ոչ պատուհաներն են կարողանում բաց թողնել»,- մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց բնակիչներից մեկը:
Թաղամասի բնակիչները հայտնեցին, որ խնդրի մասին բազմիցս դիմել են ինչպես «Սանիթեք» ընկերությանն, այնպես էլ Շենգավիթի թաղապետարանին, սակայն անարդյունք: «Ոչ ոք չի ցանկանում զբաղվել այս խնդրով: Օրը մի քանի անգամ զանգում ենք թաղապետարան, կամ պատասխանող չկա, կամ խոստանում են զբաղվել աղբահանության հարցով, բայց չեն գալիս»,- ասացին մեզ ահազանգողները, հայտնելով, որ սոցիալական ցանցում եւս խնդիրը բարձրացրել են: Մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում են տեղադրել լուսանկարներ, փորձելով այդ կերպ պատասխանատուների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Մենք եւս ուսումնասիրեցինք հիշյալ ֆեյսբուքյան էջը: Այն օտգագործողը տվյալ բնույթի գրառումները թողել է անպատասխան, ի տարբերություն Շենգավիթի թաղապետարանի ղեկավարության հասցեին գրվող գրառումների:
Բնակիչները հայտնեցին, որ թաղապետարանի եւ «Սանիթեք» ընկերության անգործության մասին պատրաստվում են հայտնել ոչ միայն քաղաքապետարանին, այլ նաեւ կառավարությանը:
Թե որն է թաղապետարանի անգործության պատճառը, թերեւս կարելի է մեկնաբանել: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես մյուս քաղաքային իշխանություններն, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանում սպասվում են կադրային փոփոխություններ, ինչը բնականաբար չի շրջանցի նաեւ թաղապետարաններին: Սա էլ ենթադրում է, որ թաղապետերը արդեն իսկ սկսել են մատերի արանքով նայել խնդիրներին, քաջ գիտակցելով, որ այսօր աշխատանքի են, վաղը կարող են համալրել «մերժվածների» շարքերը:
Irakanum.am